Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է փոփոխությունների փաթեթ, որով կարգավորվել է Երեւան քաղաքում շրջիկ առեւտուրը, ամրագրվել են ավագանու լիազորությունները:

Մասնավորապես` շրջիկ առեւտրի կազմակերպման հետ կապված հարցերը, առեւտրի համար նախատեսված կամ թույլատրելի տարածքները սահմանում է ավագանին:

Փոխնախարարը հիշեցրել է, որ ԱԺ նիստում հարց էր հնչել, թե ինչու՞ է շրջիկ առեւտուրը թույլատրվում միայն Երեւանում, ինչին ի պատասխան` նշվել էր, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը կկիրարկվի մայրաքաղաքում եւ որոշ ժամանակ անց, հաշվի առնելով արդյունքները, այն կտարածվի նաեւ մյուս համայնքների վրա:

«Պահը հասունացել է եւ որոշակի առումով արդեն ունենք միավորված համայնքներ: Հայաստանում գրանցվում է զբոսաշրջության աճ, կան թիրախային կետեր, որտեղ շրջիկ առեւտուրը կարող է օգտակար լինել: Այս օրենսդրական փաթեթով առաջարկում ենք կարգավորումները կիրառել նաեւ բոլոր համայնքներում»,- ասել է Վաչե Տերտերյանը:

 

Զեկուցողը հավելել է, որ աշխատանքներն իրականացվելու են առցանց. բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային հարթակներ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություններ չեն ստացվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում