Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում, նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել և՛ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և՛ մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով):
Մասնավորապես, դիմակներ կտրամադրվեն․
Հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների աշակերտների /սաների, ուսանողների/ համար՝ օրական ընդհանուր թվաքանակի 20%-ի չափով, քանի որ գործում է դիմակով հաստատություն հաճախելու կանոնը, և դիմակները նախատեսված են անհրաժեշտության դեպքում փոխելու, ըստ կարիքի տրամադրելու համար․
Հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 2 հատ.
Հատուկ և մասնագիտացված դպրոցների սաների և անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 3 հատ:
Նախատեսվում է ձեռքերի ախտահանիչներով ապահովել և՛ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և՛ անձնակազմի 100%-ին, ինչպես նաև ուսումնական հաստատություններն ապահովել շենքերի ախտահանիչներով:
Հաշվի առնելով իրավիճակի փոփոխության հնարավորությունները՝ գնումներն իրականացվելու են առավելագույնը մեկ ամսվա համար՝ ընթացքում ըստ անհրաժեշտության դրանց հետագա գնման նպատակահարմարությունը վերանայելով։
Շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև եռաշերտ բժշկական դիմակներով կապահովվեն ինչպես ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, արտադպրոցական, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունները, արտադպրոցական կազմակերպությունները և մարզադպրոցները:
Նշենք, որ բացի վերոնշյալ հատկացումներից, ուսումնական հաստատություններն այս նպատակի համար կօգտագործեն նաև նախորդ կիսամյակի ընթացքում ձևավորված խնայողությունները՝ դրանց առկայության դեպքում։
Կարծիքներ