Զատուլինի պնդումը կեղծ է․ Հրաչյա Հակոբյանը ռուս պատգամավորի մուտքի արգելքի հարցով Ադրբեջանի հետ ընդհանրություններից չի խոսել
Հոկտեմբերի 26-ին ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով Հայաստան մուտք գործելու արգելքին, պնդել է, թե ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «ուրախությամբ է խոսել» իրեն «անցանկալի անձ» հայտարարելու հարցում Ադրբեջանի ու Հայաստանի ընդհանրության մասին։ Այս մասին հայտնում է FIP.am-ը:
«Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը պարոն Փաշինյանի աներձագն է, ուրախությամբ հայտարարել է, թե այն փաստը, որ Հայաստանն այժմ միացել է Ադրբեջանին, որն ինձ 2010-ին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել, վկայում է երկու երկրների միջև առաջացող ընդհանրության մասին»,- իր տելեգրամյան գրառման մեջ նշել էր Զատուլինը։
ՌԴ պետդումայի պատգամավորի այս գրառումը վերահրապարակել են մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ՝ Yerevan.today, Aravot.am, News.am, Mediahub.am և այլն։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց Հրաչյա Հակոբյանի՝ Զատուլինին «անցանկալի անձ» հայտարարելու թեմայի վերաբերյալ ճեպազրույցները, հարցազրույցները, որոնք նա տվել է Factor.am-ին, 24TV-ին, և պարզեց, որ ՔՊ-ական պատգամավորը չի հնչեցրել ՌԴ պետդումայի պատգամավորի կողմից իրեն վերագրվող խոսքերը։
FIP.am-ը կապ հաստատեց Հակոբյանի հետ, որը ևս հերքեց այդ պնդումը․ նման ձևակերպում ինքը չի արել։
«Ես որևէ տեղ նման հայտարարություն չեմ արել»,- ասաց նա մեզ հետ հեռախոսազրույցում։
Այսպիսով, Կոնստանտին Զատուլինի պնդումը, թե ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն «ուրախությամբ հայտարարել է» իրեն անցանկալի անձ հայտարարելու հարցում Ադրբեջանի ու Հայաստանի ընդհանրության մասին, չի համապատասխանում իրականությանը։
Կարծիքներ