Ռուստամ Մուրադովն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին

Ռուստամ Մուրադովն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին

 Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ռուսաստանցի խաղաղապահների «Տելեգրամի» ալիքից: Ռուստամ Մուրադովը ծանոթացել է նրա առողջական վիճակին։

«Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների եւ ընտանիքի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Մարտակերտի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Արցախի Քննչական կոմիտեն գործն ընդունել էր վարույթ։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում