ԱՄՆ-ում դեմոկրատ կոնգրեսականները նախագահական ընտրությունների տեղափոխման դեմ բանաձև են ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ օրենսդիրների խումբը նոր բանաձև է ներկայացրել, որով դատապարտում է նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը փոխելու գաղափարը: Այս մասին հինգշաբթի հայտնել է The Daily Beast-ը:
ТАСС-ի հաղորդմամբ՝ նախաձեռնության հեղինակները կոնգրեսականներ Րաջա Քրիշնամուրտին, Ջիմ Կուպերը և Էլսի Հեյսթինգսն են: Փաստաթղթում նշվում է, որ երկրում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերի 3-ին, ինչպես և ծրագրվել էր: Բացի դա, բանաձևով «դատապարտվում են իշխանություն ունեցող անձանց բոլոր փորձերը, որոնք միտված են ամերիկյան դեմոկրատական ինստիտները թուլացնելուն»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները։
«Համընդհանուր փոստային քվեարկության պատճառով 2020 թվականը պատմության մեջ կդառնա ամենաանարժանահավատ ու անազնիվ տարին։ Դա մեծ խայտառակություն կլինի ԱՄՆ-ի համար։ Պետք է հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ կարողանան ճիշտ, ապահով և անվտանգ քվեարկել»,-Twitter-ում գրել էր Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 3-ին։
Ավելի ուշ Թրամփի նախընտրական շտաբը պնդել է, որ ընտրությունների հետաձգման մասին վերջինիս գրառումը հռետորական է եղել:
Կարծիքներ