Էրդողանն սպառնացել է արտաքսել 10 երկրի դեսպաններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սպառնացել է երկրից արտաքսել տաս երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպաններին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
«Ինչո՞ւ են այդ տաս դեսպանը նման հայտարարություններ անում: Ես ասել եմ մեր ԱԳՆ-ին, որ մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ՝ ընդունելու նրանց մեր երկրում: Մի՞թե դա ձեր գործն է. դասեր տալ Թուրքիային: Ո՞վ եք դուք: Մի՞թե դուք ձեր երկրներում ազատ եք արձակում մարդասպաններին, ահաբեկիչներին և հանցագործներին: Նրանք միշտ ասում են. «դատարանն անկախ է»: Այսինքն՝ ձեր դատարանն անկա՞խ է, մերը՝ ոչ»,- հայտարարել է Էրդողանը լրագրողներին:
Ավելի վաղ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները հանդես էին եկել Քավալային ազատ արձակելու կոչով, ինչից հետո դեսպանները կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ:
Օսման Քավալան հայտնի իրավապաշտպան է, որը Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրն է: Հիմնադրամն զբաղվում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ծրագրերի աջակցմամբ: 2020 թվականի փետրվարին դատարանն արդարացրել է Քավալային 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի մասին գործով: Սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նոր ձերբակալման հրաման է արձակել: Քավալային նոր մեղադրանքներ են առաջադրվել, այս անգամ՝ 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Կարծիքներ