Ամեն հայկականը կմնա հայկական. Երուսաղեմի Հայոց պատրիարքը՝ «Կովերի պարտեզ»-ի մասին
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքի պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման (Save the Armenian Quarter) ակտիվիստներին:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է շարժումը:
Ըստ հրապարակման՝ արքեպիսկոպոսը վստահեցրել է, որ «ամեն հայկականը կմնա հայկական»:
«Դեկտեմբերի 8-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անակնկալ այցելել է Save The ArQ Movement-ի անդամներին՝ ի նշան համերաշխության՝ հանուն այս բարոյապես արդար պայքարի։ Պատրիարքը մեծահոգաբար իր ժամանակը տրամադրել է հայ երիտասարդներին և սիրով պատասխանել է մտահոգ բնակիչների բազմաթիվ հարցերին։ Բոլոր անդամներն իրենց վճռական և հաստատակամ աջակցությունն են հայտնել Պատրիարքին «Կովերի պարտեզի» անօրինական գործարքը չեղարկելու համար:
Հեռանալուց առաջ նա հայտարարել է.«Ամեն հայկականը կմնա հայկական»»,- նշվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։
Նոյեմբերի 1-ին պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd» ընկերությանը տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ին կնքած համաձայնագիրը։ Այդ ժամանակվանից հայ համայնքի և ընկերության ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը չի դադարում։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։
Կարծիքներ