Բայդենը հավանական է համարում Ավդեևկայից հետո Ուկրաինայի այլ քաղաքների կորուստը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ ուկրաինական զորքերը Ավդեևկայից հրաժարվելուց հետո կարող են կորցնել այլ քաղաքներ, քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատել Կիևին օգնության լրացուցիչ ֆինանսավորումը։
Լրագրողները ամերիկացի առաջնորդին հարցրել են՝ վստա՞հ է, որ Ուկրաինան այլ քաղաքներ չի կորցնի։
«Ոչ: Ես դրանում վստահ չեմ: Եվ ոչ ոք չի կարող լինել վստահ: Վտանգված շատ բան կա»,- պատասխանել է Բայդենը:
Ըստ ԱՄՆ նախագահի, «ոչ էթիկական» և «անհեթեթ» կլինի հրաժարվել Կիևին աջակցությունից, երբ ուկրաինական զինուժը չունենա արկեր:
«Պայքարելու եմ, որպեսզի նրանք ստանան անհրաժեշտ զինամթերքը»,- շեշտել է նա։ Բայդենը նաև ասել է, որ խոստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին լրացուցիչ ֆինանսավորում ապահովել։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ավդեևկան ռուսական բանակի լիակատար վերահսկողությանը հանձնելու մասին։ Նրանք ընդգծել են, որ ռուսական զորքերի առաջխաղացման մասին տեղեկությունը չի հրապարակվել մինչև ուկրաինական ուժերի լիակատար ջախջախումը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ավդեևկայի գրավումից հետո Կենտրոն խմբավորման զորքերը շարունակում են հետագա հարձակողական գործողությունները Դոնեցկում:
Կարծիքներ