Երևանում նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից շինարար-բանվորն անզգուշաբար ընկել և տեղում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։00-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուրջյան 11/5 հասցե, որտեղ կառուցվող էլիտար շենքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները;
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Մ․-ն էր, ով աշխատում էր «Գարիկ Խաչատրյան» Ա/Ձ, «Մագաս» ՍՊԸ-ում որպես շինարար, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ շինարարական աշխատանքներ կատարելիս, 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի փոխանցմամբ՝ նշված շինության մոտ կա ցուցանակ, որով պարզ է դառնում որ կապալառուն «Ակուրատ Գրուպ» ՍՊԸ-ն է, կառուցապատողը «Մագաս» ՍՊԸ-ն է։ Շինարարության թույլտվությունը տրվել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, իսկ «Մագաս» ՍՊԸ-ի տնօրենը Բագրատ Մակարյանն է, ում պատվերով էլ կառուցվում է շենքը։
Կարծիքներ