ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Հանձնաժողովը կքննարկի նաև այն ադրբեջանցիների դեմ բռնաճնշումների թեման, որոնք ճնշումների զոհ են դարձել Ադրբեջանի կառավարությանը հակառակվելու պատճառով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը։ 

«Ադրբեջանի կառավարությունն ունի մարդու իրավունքների վատ ցուցանիշ: Ըստ Freedom House-ի՝ «Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից։ Ադրբեջանում կոռուպցիան համատարած է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիներ տևած հալածանքների պատճառով: Իշխանությունները վերջին տարիներին լայնածավալ ոտնձգություն են իրականացրել քաղաքացիական ազատությունների դեմ»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Միջոցառման կազմակերպիչները հիշեցնում են, որ այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը ռազմական գործողություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար, անկլավում գտնվող էթնիկ հայերի համար իրավիճակը կտրուկ փոխվեց։ 

«2023 թվականի վերջին նրանք գրեթե բոլորը փախել են Հայաստան։ Լսումների ընթացքում կքննարկվեն ակնհայտ էթնիկ զտումները և այդ խնդրի հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը: Քննարկման առարկա կդառնա նաև Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր դարձել են ներքին և անդրազգային բռնաճնշումների զոհ՝ կառավարությանն ու նրա քաղաքականությանը հակառակվելու պատճառով, ինչպես նաև կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման միջև կապը: Քննարկման մասնակիցներն առաջարկություններ կներկայացնեն Կոնգրեսին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լսումները կլինեն բաց Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Հանրությունը և լրատվամիջոցները կարող են անձամբ ներկա գտնվել կամ հետևել լսումներն ուղիղ հեռարձակմամբ՝ Հանձնաժողովի կայքում: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում