Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը կոչ է արել չկապել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումն այլ հարցերի հետ

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը կոչ է արել չկապել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումն այլ հարցերի հետ

Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը համարում է, որ սխալ է կապել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի եւ այլ առանձին հարցերի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ալթմայերը հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման մասին որոշումը վաղուց է կայացվել: «Նախագիծը հաստատվել է համապատասխան օրենսդրական ընթացակարգերով տարբեր եվրոպական երկրների իշխանությունների կողմից»,-հավելել է նա: Ալթմայերի խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել եւ ընդունել որոշումներ շինարարության եւ գազատարն ավարտին հասցնելու մասին անկախ առանձին գործերից: «Գազի մատակարարումները 50 տարիների ընթացքում դեռեւս երբեք չեն եղել քաղաքական զենք Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ դա բխում է երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու շահերից:

Միեւնույն ժամանակ, DW  ռուսական ծառայության հաղորդմամբ, ԳԴՀ կանցլերի թեկնածու Անալենա Բերբոքը կոչ է արել զրկել «Հյուսիսային հոսք-2»-ն աջակցությունից Ուկրաինա-Ռուսաստան սահմանին ծավալվող իրադարձությունների պատճառով: Նա համոզված է, որ Եվրոպայի երկրները պետք է ուժգնացնեն Ռուսաստանի վրա ճնշումը Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական կոնտինգենտի ավելացման ֆոնին: Նա նաեւ նշել է, որ Մոսկվային պետք է մատնանշել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հեռանկարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում