Բայդենն ավելի քան 1 ժամ սպասեցրել է Մակրոնին, ապա խոստովանել, որ Վաշինգտոնը «անշնորհք» է վարվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը հանդիպել են Վատիկանում Ֆրանսիայի դեսպանատանը, որը երկու առաջնորդների միջև առաջին հանդիպումն էր սուզանավերի պայմանագրի խզման պատճառով հարաբերությունների ճգնաժամից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները ջերմորեն ողջունել են միմյանց։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահը ավելի քան մեկ ժամ ուշացել է Մակրոնի հետ հանդիպումից։ Ելիսեյան պալատի կողմից նախկինում տարածած հաղորդման համաձայն՝ հանդիպումը պետք է սկսվեր ժամը 16:15-ին (Երևանի ժամանակով 18:15-ին)։ Սակայն Բայդենի ավտոշարասյունը Ֆրանսիայի դեսպանատան տարածք է մտել մոտավորապես ժամը 18:40-ին (Մոսկվայի ժամանակով 19:40-ին)։
Վաշինգտոնի և Փարիզի միջև լարվածություն է առաջացել Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների միջև նոր AUKUS գործընկերության պատճառով: Ավստրալիան, այս եռակողմ գործընկերության կնքման լույսի ներքո, հայտարարել է ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի մասին համաձայնագրից դուրս գալու մասին: Համաձայնագրի արժեքը կազմում էր 56 միլիարդ եվրո։
Միևնույն ժամանակ euronews.com-ը հաղորդում է, որ Բայդենը հանդիպման ժամանակ Մակրոնին ասել է, որ Վաշինգտոնը «անշնորհք» է վարվել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ անվտանգության գաղտնի պայմանագրի համատեքստում, ինչը զայրացրել է Փարիզին:
Թեև Բայդենը պաշտոնապես ներողություն չի խնդրել Մակրոնից, սակայն խոստովանել է, որ Վաշինգտոնը չպետք է անակնկալի բերեր իր ամենավաղեմի դաշնակցին:
«Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, կօգտագործեմ անգլերեն արտահայտություն, այն, ինչ մենք արեցինք, անշնորհք էր», - ասել է Բայդենը՝ հավելելով, որ սուզանավերի գործարքը «շնորհքով չի արվել»:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Ֆրանսիան վաղուց տեղեկացված է եղել»,- հավելել է նա։
Մակրոնն, իր հերթին, ասել է, որ երկու դաշնակիցները «ավելի ուժեղ համագործակցություն» կզարգացնեն՝ կանխելու նմանատիպ թյուրիմացության կրկնությունը:
Կարծիքներ