Հայաստանում ներդրվում է իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ռեգիստր
Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանն ստանձնել է իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Իսկանդարյանը ներկայացրել են իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառության կատարման արդյունքներն, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններից՝ ԶԼՄ-ների կողմից օգտվելու հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պարտավորությունների նկարագրությանը և հանրային ռեգիստրի ներդրման նպատակին։ Խոսվել է նաև հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ընկերությունների և դրանց համար սահմանված՝ հայտարարագիրը ներկայացնելու ժամկետների մասին։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետի կողմից ներկայացվել են հայտարարագրի կառուցվածքը և լրացման կարգը։
«Հանդիպման ավարտին Հ. Իսկանդարյանը հավելել է, որ պարտավորություններն սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։ Ներկայացվել է նաև նախորդ և սույն տարվա գրանցված հայտարարագրերի և հարուցված վարչական վարույթների վիճակագրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպումն իրականացվել է Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Կարծիքներ