Հայտնի շրջանակները թիրախավորում են բանակում արվող բարեփոխումները. նպատակը ակնհայտ է
Ինչպես հայտնի է, բանակում լայն թափով բարեփոխումներ են ընթանում: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի օր է՝ շրջայցեր է կատարում՝ ծանոթանալու տարվող աշխատանքներին:
Այցի արդյունքներով Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն և լուսանկարներ է հրապարակում՝ այդ կերպ նաև, այսպես ասած, հաշվետվություն ներկայացնելով Հայաստանի ժողովրդին:
Ընդդիմադիր որոշ շրջանակներ, սակայն, փորձում են թերություններ գտնել արված աշխատանքներում՝ առաջնորդվելով միայն լուսանկարներում տեսածով և սեփական դատողություններով:
Նշված շրջանակները նախ սկսեցին քննադատել, թե մոդուլային զորանոցները հրդեհային անվտանգության տեսանկյունից խոցելի են:
Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով, ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ ծորակներ), առկա են հրշեջ հիդրանտներ, տարածքը կահավորված է հակահրդեհային գույքով (հրշեջ վահանակներ, ԿՓ տեսակի կրակմարիչներ):
Այժմ տվյալ շրջանակները սկսել են քննադատել նախարարության հրապարակած մի լուսանկար, որտեղ իբր երևում է, թե լոգարանում վարդակը մոտ է լոգախցիկին, և հրդեհային անվտանգության կանոնը պահպանված չէ:
Նկատենք, սակայն, որ լուսանկարում պատկերվածը լոգախցիկ չէ, այդտեղ զինծառայողները կարող են լվանալ ոտքերը: Լոգարանը առանձին է:
Հետևելով, թե ովքեր են քննադատում բանակում արվող բարեփոխումները, ակնհայտ է դառնում, որ նպատակը մեկն է՝ թիրախավորել իշխանությանը՝ առանց միջոցների մեջ խտրականություն դնելու:
Կարծիքներ