Միջոց է ձեռնարկվել դրական վարքագծով ևս 2 դատապարտյալի տեղափոխել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ

Միջոց է ձեռնարկվել դրական վարքագծով ևս 2 դատապարտյալի տեղափոխել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումանսիրվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:

Այդ շրջանակում, ի թիվս այլոց, ուսումնասիրվել են նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող երկու կին դատապարտյալների անձնական գործերը:

Համապատասխան փաստաթղթերի, անձնական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար 4 տարի 1 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման դատապարտված և 2019 թ. հունվարի 24-ից պատիժը կրող Ն. Մ.-ն, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված և 2016 թ. հունվարի 12-ից պատիժը կրող Ա.Ս.-ն մասնակցել են հիմնարկի չվարձատրվող, նաև տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտի վճարվող աշխատանքներին:

Նրանք նաև ընդգրկվել են ՔԿՀ-ում անցկացվող մի շարք դասընթացներում և հանդիսացել ինքնագործ միավորումների անդամ:

Ա.Ս.-ն նաև պատժի կրման ընթացքում կամովին մասամբ կատարել է դատավճռով 1 000 000 ՀՀ դրամի չափով սահմանված քաղհայցի մարում, նաև հեռախոսազանգերի, տեսակցությունների միջոցով կապ է պահպանել Գավառի մանկատանը գտնվող իր 3 անչափահաս երեխաների հետ:

Թեև ըստ վտանգավորության աստիճանի, երկու դատապարտյալների կատարած հանցավոր արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին, սակայն նրանք արդեն իսկ կրել են օրենքով նշանակված պատժի կեսից ավելին: Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ նրանք ընդունել են կատարած հանցանքը, զղջացել: Թեև պատժի կրման ընթացքում չեն խրախուսվել, սակայն նաև տույժի չեն ենթարկվել:

Նշված փաստական տվյալները ընդհանրության մեջ վկայել են, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալները դրսևորել են դրական վարքագիծ, նշանակված պատիժը, ըստ էության, նպաստում է նրանց ուղղմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետին՝ քննարկելու նշված դատապարտյալներին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը:

Հետագա գործընթացի ընթացքում, սակայն երկու դատապարտյալներն էլ իրենց դիմումների համաձայն հրաժարվել են տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում