90-ամյա պապի խրատը... «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»

90-ամյա պապի խրատը... «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»

Իմ թանկագին 90-ամյա պապս՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանը, ով Արցախի Հանրապետության վաստակավոր գործիչ է, հիմա Ստեփանակերտում է՝ ապաստարանում, ու շարունակում է ստեղծագործել, ինձ էլ կարճ զանգի միջոցով խրատեց ու ասաց չդադարես ստեղծագործել, մեր ուժն այդ է․ «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»։

Ստորև կիսվում եմ սեպ․27-ին գրված Պապիս բանաստեղծություն-կոչով։

Արեվսարված իմ արեվներ,

Դուրս եկեք նորից ,

Իմ Դավիթված նոր Դավիթներ,

Վեր ելեք հորից:

Շապուհված նոր շապուհներ են

Գալիս կրկին մեր դեմ,

Մսրա նոր-նոր մելիքներ են

Ոռնում՝ անկուշտ, անդեմ:

Հրոսակները ազերական՝

Հին մոլուցքով ցանցառ,

Աչք են տնկել արցախական

Մեր օջախին պայծառ:

Իմ Ջալալված Ջալալյաններ,

Զարկենք նենգ թշնամուն,

Պապենական օրենքն է մեր՝

Պահել օջախ ու տուն:

Մեկի դիմաց տասն է գալիս,

Տասին էլ զարկենք,

Օրենքները մեր պապերի

Պայքարում հարգենք:

Անդրանիկված Անդրանիկներ

Ու Նժդեհված քաջեր,

Արյունի դեմ արյուն հեղենք,

Որ թեվածենք դարեր:

ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ

27.09.2020

#ՀաղթելուԵնք

Հետևեք մեզ նաև Տելեգրամում