Տոկիոյում հանդիսավոր արարողությամբ ընթերցել են օլիմպիական երդումը
Մարզիկները, մրցավարները և մարզիչներն արտասանել են օլիմպիական երդումը Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը տեղի է ունենում ուրբաթ: Կորանավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով արարողությանը մասնակցում է միայն 950 պաշտոնական անձ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, երդմնակալության տեքստում ավելացվել են հավասարության և խտրականության դեմ պայքարի մասին խոսքեր:
«Խոստանում ենք, որ կմասնակցենք այս Օլիմպիական խաղերին՝ հարգելով և պահպանելով կանոնները, որոնցով դրանք անցկացվում են, ազնիվ խաղի, ներգրավվածության և հավասարության ոգով: Հավատարիմ ենք սպորտին՝ առանց դոպինգի, խաբեության և որևէ խտրականության: Դա անում ենք հանուն մեր թիմերի պատվի՝ հարգանք դրսևորելով օլիմպիականության հիմնարար սկզբունքների նկատմամբ և որպեսզի սպորտի օգնությամբ աշխարհն ավելի լավը դարձնենք»,- երկու ճապոնացի մարզիկ ընթերցել են երդումը:
Բացի դրանից՝ երկու մարզիկ, երկու մրցավար և երկու մարզիչ արտասանել են «մարզիկների անունից», «բոլոր մրցավարների անունից», «բոլոր մարզիչների և պաշտոնական անձանց անունից» արտահայտությունները:
Հիշեցնենք, որ խաղերի բացման արարողությունը մեկնարկել է Երևանի ժամանակով 15:00-ին:
Կարծիքներ