Կամո Ցուցուլյանը ՓԾ անձնակազմին է ներկայացրել տնօրենի նորանշանակ տեղակալներին
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց՝ ՓԾ անձնակազմին ներկայացնելով ՓԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Եգոր Կարապետյանին և Դավիթ Սարգսյանին։
Ողջունելով ներկաներին՝ ՓԾ տնօրենը շնորհավորեց նորանշանակ տեղակալներին։
«Մարտի 16-ին ՆԳ նախարարի հրամանով Եգոր Կարապետյանը և Դավիթ Սարգսյանը նշանակվել են ՓԾ տնօրենի տեղակալներ․ վերջիններիս շնորհվել է «փրկարարական ծառայության գնդապետ» կոչում։ Դավիթ Սարգսյանը երկարամյա օպերատիվ ծառայության փորձ ունի, իսկ Ե․ Կարապետյանը ծառայության մասնագետ է, ով բազմամյա փորձ ունի նաև ոստիկանության զորքերում։
Ուզում եմ նշել, որ միասին երկար ճանապարհ ենք անցել․ նրանք այն մարդիկ են, որ մշտապես կանգնած են եղել երկրի հենքում և արդյունավետ ծառայել իրենց վստահված ոլորտներում։ Այժմ եկել են Փրկարար ծառայություն՝ մեզ հետ համատեղ շարունակելու ծառայությունը»,- նշեց տնօրենը։
Կ․ Ցուցուլյանը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ տեղակալներն իրենց փորձով, գիտելիքով ու կարողություններով կօժանդակեն համակարգի զարգացմանը՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվության ոլորտներում ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն, աշխատանքային բարձր կարգապահություն և ամրապնդելով ժողովրդի վստահությունը Փրկարար ծառայության հանդեպ:
Նորանշանակ տեղակալները շնորհակալություն հայտնեցին ՆԳ նախարարին և ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալին վստահության համար, նշելով, որ իրենց ողջ ներուժը կներդնեն համակարգում՝ թիմային արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով։
Տնօրենը նաև մատնանշեց, որ ծառայության աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար կատարվել է տնօրենի տեղակալների համակարգման ոլորտների բաշխում, ինչպես նաև ընդգծեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը։
Անդրադառնալով համակարգում ամենօրյա ընթացիկ աշխատանքներին Կ. Ցուցուլյանը կարևորեց փրկարարների կամավոր ատեստավորման հարցը՝ հանձնարարելով ցուցաբերել ակտիվ մասնակցություն:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ տնօրենը մի շարք հանձնարարականներ տվեց տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին, մեկ անգամ ևս շնորհավորեց նորանշանակ տեղակալներին և մաղթեց բեղմնավոր գործունեություն։
Կարծիքներ