ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին ՄԻՊ ներկայացուցչի կողմից այցելելու վերաբերյալ սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում տարածված տեղեկության առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ։
«Բողոքի ակցիայի մասնակից, վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը: ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Ուսումնասիրվել են նրան բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Պաշտպանի ներկայացուցիչը նաև զրուցել է Արմեն Բաղդասարյանին շտապ բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկների հետ և ստացել տեղեկատվություն վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ:
Հանդիպում է տեղի ունեցել նաև բերման ենթարկված անձանց տեղում իրավաբանական աջակցություն տրամադրող փաստաբանի հետ: Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
Հաշվի առնելով ՄԻՊ հաստատության կողմից զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ձևավորած համագործակցային միջավայրը, թափանցիկ աշխատանքը՝ լրատվամիջոցների մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լրատվամիջոցների հետ համագործակցում է բաց ու թափանցիկ ձևաչափով։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:
Կարծիքներ