2022-ի 1-ին կիսամյակում վնասազերծվել են 909 պայթուցիչ, 9 հակատանկային ական, 412 ռումբ. ԱԻՊԾ

2022-ի 1-ին կիսամյակում վնասազերծվել են 909 պայթուցիչ, 9 հակատանկային ական, 412 ռումբ. ԱԻՊԾ

Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 719 զանգ, որից 632-ը՝ ճանաչողական բնույթի, հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 24 կանչ: Փրկարարները կատարել են 7 փակված դռան և 6 վերելակի բացում, 7 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի:

Տեխնածին բնույթի պատահարներից 3 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարար մասերում համակարգված աշխատանքներ են իրականացվում հրդեհավտանգ շրջանում՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, միաժամանակ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:

Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 7 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ ժամանակին ներկայացել կանչի վայր և կանխարգելել հնարավոր վտանգավոր իրավիճակները՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 5 ռումբ:

Արձանագրենք, որ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացրել հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության, The HALO trust ականազերծող կազմակերպության և ՀԱԿ հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել ու վնասազերծվել են 909 պայթուցիչ, 9 հակատանկային և 19 հակահետևակային ական, 214 հրթիռ, հրթիռակասետային 412 ռումբ, ականանետի 830 ական, 2372 արկ, գնդիկաբեկորային 46 ավիառումբ, ձեռքի 316 և նռնականետի 1477 նռնակ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում