Որոշ դասախոսներ դասերը նվիրել են վարչապետի մասին հորինված պատմություններ պատմելուն. Լուսինե Բադալյան
«Հեռավար կրթության ընթացքում առանձնացրել եմ դասախոսների երեք տիպ: Առաջին տեսակը, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են, ուսումնական պլաններ են մշակում: Երկրորդը՝ դասախոսներ, անհրաժեշտության դեպքում նրանց անուն-ազգանունները կփոխանցեմ, որոնք, օգտվելով հեռավար կրթության պայմաններից, վերահսկողությունից դուրս գտնվելուց, այս ամիսների ընթացքում բոլոր դասերը նվիրել են միայն կառավարությանը, մեղմ ասած, քննադատելուն, մասնավորապես, տարբեր լեգենդներ, հորինված պատմություններ վարչապետի մասին պատմելուն»,- այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Լուսինե Բադալյանը նշեց՝ եթե հնարավոր լինի անցնել ուսումնական նորմալ դասապրոցեսին, կարելի է մտածել դասախոսների գիտելիքների վերազինում, վերապատրաստում իրականացնելու մասին, ընդհանրապես մաղել և թողնել այն դասախոսներին, որոնք գիտելիք են փոխանցում:
«Դասախոսների մի տեսակ էլ, օգտվելով այն առիթից, որ դասապրոցեսը չի ստացվում, և շատերը հետ են մնալու, 500 դոլարով պայմանավորվում են պարապել և հետո քննությունների ժամանակ գնահատականներ շնորհել: Սիրելի ուսանողներ, սա այն ժամանակահատվածն է, որ դուք կերտում եք ձեր ապագան և, եթե նույնիսկ ձեր դասախոսները սկսում են ձեզ պատմել հեղափոխության՝ որպես չարիք երևույթի մասին, այդ ժամանակ խնդրում եմ հետ բերեք նրանց՝ ասելով քաղաքականությունը թողնել քաղաքական գործիչներին»,- ասաց նա:
Կարծիքներ