ՄԻՊ-ը գրություն է ուղարկել ՊՆ՝ բարձրաձայնելով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության խնդիրը

ՄԻՊ-ը գրություն է ուղարկել ՊՆ՝ բարձրաձայնելով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության խնդիրը

Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում. բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության վերաբերյալ խնդրին:

«Տեղեկացնում եմ, որ հայրենադարձված հայ ռազմագերիների հետ ՄԻՊ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում և դրանից հետո, ըստ հայրենադարձված ռազմագերիների ցանկության, նրանց մի մասը ուղղորդվել է անվճար հոգեբանական աջակցություն ստանալու: Բացի դա, ըստ նրանց կողմից ներկայացված դիմումների կամ սեփական նախաձեոնությամբ՝ ըստ հոգեբանների կողմից տրված համապատասխան եզրակացությունների, Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ ՊՆ՝ վերջիններիս պատշաճ փորձաքննելու և նաև հոգեբանների կողմից տրված եզրակացությունների հաշվառմամբ՝ զինծառայողների հետագա ծառայության պիտանիության հարցը որոշելու համար:

Պետք է հստակ նշել, որ հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն վերջիններիս ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում: Եվ բոլոր այն դեպքերում, երբ վերջիններիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: Բացի դա, պետությունը ունի պոզիտիվ պարտականություն նրանց առողջության պահպանման հարցում, և պետք է նրանց տրամադրվի պատշաճ բժշկական օգնություն»,- ասաց Գրիգորյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ հայրենադարձված գերիների մի մասի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ ՊՆ՝ հայրենադարձված ռազմագերիներին պատշաճ փորձաքննելու և բժշկական օգնություն ցույց տալու պահանջով:

«Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում»,-եզրափակեց Քրիստիննե Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում