ԱՄՆ-ն կասեցրել է Չինաստանից միջազգային ծանրոցների ընդունումը, ինչը սպառնում է Temu-ի նման հարթակներին
ԱՄՆ փոստային ծառայությունը հայտնել է, որ ժամանակավորապես կասեցրել է Չինաստանից և Հոնկոնգից միջազգային ծանրոցների ընդունումը, ինչը սպառնալիք է հանդիսանում էլեկտրոնային առևտրի առաջատար Shein և Temu հարթակների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը։
Փոստային ծառայությունը չի ներկայացրել կասեցման պատճառը, սակայն հայտարարության մեջ նշվում է, որ նամակների հոսքը չի ազդի որոշման վրա:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր կատարողական հրաման, որով դադարեցվել է վաղուց գործող de minimis (նվազագույն թույլատրելի չափ) արտոնությունը, որը թույլ էր տալիս բոլորին, այդ թվում՝ արտահանողներին, 800 դոլարից պակաս արժողությամբ փաթեթները Միացյալ Նահանգներ առաքել առանց մաքսատուրքերի կամ ստուգումների:
Նոր կանոնն, ամենայն հավանականությամբ, իր ազդեցությունը կունենա էլեկտրոնային առևտրի հարթակների վրա, ինչպիսիք են Shein-ը և Temu-ն, որոնք իրենց բիզնես մոդելները կառուցել են այս արտոնության շուրջ: Էժան ապրանքների նկատմամբ մեղմացված սահմանափակումների և հարկային արտոնությունների շնորհիվ ավելի քան մեկ միլիարդ փաթեթներ ցածր գներով մտնում էին ԱՄՆ. դրանից օգտվում էին այն սպառողները, որոնք փնտրում էին հագուստի և կենցաղային ապրանքների ավելի մատչելի տարբերակներ:
Արտոնության դադարեցումն ամենաշատը կհարվածի չինական բեռնափոխադրումներին, քանի որ de minimis արտոնությամբ առաքված բոլոր փաթեթների 30%-ը բաժին է ընկնում հենց այս երկու չինական ընկերություններին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի զեկույցը:
Փետրվարի 4-ին ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների նկատմամբ 10% մաքսատուրքերը։ ԱՄՆ նախագահը մաքսատուրքերի բարձրացումը պատճառաբանել է նրանով, որ Չինաստանը չի կասեցնում անօրինական թմրամիջոցների հոսքն ԱՄՆ։ Ի պատասխան՝ Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Այսպես, 15% մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան ածխի և հեղուկացված բնական գազի նկատմամբ և 10% մաքսատուրքեր՝ նավթահումքի, գյուղտեխնիկայի և որոշ մեքենաների նկատմամբ։ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ից ներկրվող այս ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 10-ին։
Կարծիքներ