Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի այցը Հռոմ․ Մայր Աթոռ
Հոկտեմբերի 5-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Հռոմ՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կազմակերպած ամենամյա ավանդական հավաքին և խաղաղության աղոթքին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Հոկտեմբերի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Զրույցի ընթացքում Վեհափառ հայրապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին և այն մարտահրավերներին, որ այսօր ծառացած են Հայաստանի և Արցախի առջև: Հայոց հայրապետը հատկապես շեշտադրեց ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Ամենայն հայոց հայրապետի գլխավորած պատվիրակության հետ հանդիպեց նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։
Հոկտեմբերի 7-ին Գարեգին Երկրորդը հանդիպում ունեցավ Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ։
Լա Նուվոլա կոնգրեսների կենտրոնում տեղի ունեցավ «Մյուսների վերհայտնաբերումը» խորագրով ֆորում, որի ընթացքում Վեհափառ հայրապետը հանդես եկավ բանախոսությամբ: Իր ելույթում Նորին Սրբությունն անդրադարձավ անցած տարի Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։ Բանախոսների շարքում էր նաև ամերիկահայ գիտնական, «Moderna» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Միջազգային հավաքի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հռոմի «Կոլիզեում» պատմական հուշարձանի դիմաց, որին ներկա էր նաև Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը:
Հայոց հայրապետն իր քարոզում անդրադարձավ ներկա օրերին, երբ բռնություններն ու պատերազմները, էթնիկ խտրականությունն ու կրոնական ծայրահեղականությունը և դրանց հիմքի վրա իրագործվող ոճրագործությունները ավերներ են գործում, և աշխարհը կարիք ունի խաղաղության ու ապահով կյանքի վերահաստատման:
Կարծիքներ