Ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը և կողաշրջվել

Ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը և կողաշրջվել

Օգոստոսի 2-ին, ժամը 20։44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Յաղդան գյուղի մոտակա ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «UAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1961 թ․) և «VAZ» (վարորդ՝ Վ․ Թ․) մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և համապատասխանաբար մոտ 10 և 1․5 մետր սահել դեպի ձորը և կողաշրջվել։
Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա․ Չ․-ին (ծնված 1969 թ․), Ս․ Ջ․-ին (ծնված 1965 թ․), Ք․ Մ․-ին (ծնված 1997 թ․), Ա․ Ջ․-ին (ծնված 2022 թ․), Ա․ Ջ․-ին (ծնված 2020 թ․) և Ս․ Ջ․-ին (ծնված 2016 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին. տուժածները հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում