Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տսրածած հաղորդագրությունից, հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները:
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը՝ դեսպան Սոբհանին նշել է, որ Կոմիտեն կարևոր աշխատանք է տանում կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու և երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Ըստ դեսպանի՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են որոշակի խնդիրների, ուստի կարևոր է այդ ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը:
Դեսպան Սոբհանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս են հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև իրավապահ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
Կարծիքներ