Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը

Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը

Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը:

ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդը հայտագրումն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Քննություններն անցկացվում են գրավոր՝ թեստերի միջոցով: ՀՀ ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը հանձնում են միևնույն օրը: Քննությունների օրերը, ըստ առարկաների, հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։

Միասնական քննություններն անցկացվում են հոկտեմբերի 20-27-ը: Ներբուհական քննությունների անցկացման համար բուհերի կողմից կարող են սահմանվել այլ ժամկետներ: Քննություններն անցկացվում են քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 5-ը հաստատում է ԳԹԿ-ը տնօրենը:

Բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը:

Ներբուհական քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 27-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ:

Բուհերի ընդունելության մրցույթը, բացառությամբ ներբուհական քննություններ հանձնած դիմորդների մրցույթի, անցկացնում է ԳԹԿ-ն՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի), հատկացված տեղերի և միավորների: Մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության (կրթական ծրագրի) գերակայությամբ:

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:

Առաջին հայտագրված մասնագիտության (կրթական ծրագրի) մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, դիմորդի միավորներով, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։

Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում