Անցկացվել է աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ մայիսի 15-16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով:
Աշխատաժողովին, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը, մասնակցում էին արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, տեղակալներ Սուրեն Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և խորհրդի մյուս անդամները, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ Ռուզաննա Հակոբյանը և Համլետ Ասատրյանը, Վճռաբեկ դատարանի այլ դատավորներ, վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, դատավորներ վերաքննիչ քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններից, վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացուցիչներ Արդարադատության նախարարությունից և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամից, այլք:
Ռուստամ Բադասյանը և Գագիկ Ջհանգիրյանը ողջունել են աշխատաժողովի մասնակիցներին, կարևորել նման հանդիպումները և երկխոսություններն ու արդյունավետ քննարկում մաղթել բոլորին:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է նաև դատական իշխանության դերակատարումը արդարադատության ոլորտի բարեփոխումներում՝ կարևորելով դատական իշխանության ներկայացուցիչների ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը բարեփոխումների փուլում լավ արդյունքներ գրանցելու հարցում:
Անցնելով օրակարգի հարցերին՝ Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակներում վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և առաջիկա ծրագրերը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը և Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը ներկայացրել են քրեական և քրեադատավարական օրենսդրության ոլորտում, իսկ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը՝ հակակոռուպցիոն ոլորտում կատարված բարեփոխումները: Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանն իր հերթին խոսել է դատավորների նոր ավելացվող հաստիքների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման հնարավորությունների և ծրագրերի մասին: Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը և դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամները ներկայացրել են դատավորների գործունեության գնահատման նոր կառուցակարգի գործնական խնդիրները: Քննարկում է ծավալվել նաև Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման արդյունավետության և հիմնական իրավակարգավորումների վերաբերյալ: Բացի այդ, ներկայացվել է էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը:
Ներկայացված հարցերի առնչությամբ տեղի են ունեցել ակտիվ քննարկումներ, մտքերի փոխանակություններ՝ մի շարք թեմաների կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագա առավել մանրամասն քննարկումների իրականացման:
Կարծիքներ