Մեծ Բրիտանիայում մեղմացվում են կորոնավիրուսային սահմանափակումները

Մեծ Բրիտանիայում մեղմացվում են կորոնավիրուսային սահմանափակումները

Այսօրվանից Մեծ Բրիտանիայում սկսվում է կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման երրորդ փուլը։ BBC-ի հաղորդմամբ՝ Անգլիայի, Ուելսի և Շոտլանդիայի մեծ մասում մինչև 6 հոգանոց խմբերով կամ երկու տնային տնտեսություննների անդամներով կարելի է այցելել ռեստորաններ, փաբեր և բարեր՝ ոչ միայն բացօթյա։ Իսկ բացօթյա տարածքներում կարելի է հանդիպել մինչև 30 հոգով։

Բացվում են նաև թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները, համերգասրահները, հյուրանոցները։ Մարդկանց նաև թույլատրվում է գրկախառնվել։

Երկրից դուրս ճանապարհորդելու արգելքը հանվում է և փոխարինվում նոր կանոններով. արտասահմանից վերադառնալուց հետո բրիտանացիները պարտավոր են 10-օրյա կարանտինում գտնվել և երկու ՊՇՌ-թեստ հանձնել։ Այս սահմանափակումը չի գործում միայն այն երկրներից վերադառնալու դեպքում, որոնք անվտանգ են համարվում։ «Կանաչ» երկրների ցանկում են Պորտուգալիան, Իսրայելը, Սինգապուրը Ավստրալիան, Նոր Զելանդիան և ևս մի քանի երկրներ։

Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին կոչ է արել լինել աչալուրջ, շաբաթական երկու անգամ թեստավորվել և ներկայանալ պատվաստումների՝ ըստ գրաֆիկի։

Կորոնավիրուսի գրեթե 4,5 միլիոն դեպքով Մեծ Բրիտանիան գտնվում է աշխարհում 7-րդ հորիզոնականում։

Իսկ ընդհանուր առմամբ, մինչև օրս աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 163 միլիոնից ավելի մարդու մոտ։ Վիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցում է 3 միլիոն 390 հազարը։ Քովիդի դեպքերի թվով առաջին 5 հորիզոնականները զբաղեցնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Թուրքիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում