ԵՄ մի շարք երկրներ մերժել են Պուտինին բանակցությունների հրավիրելու Մերկելի առաջարկը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողով կազմակերպելու իր և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ինչպես հայտնել է Մերկելը, ինքը հույս ուներ, որ ԵՄ-ում ավելի մեծ խիզախություն կդրսևորեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Կանցլերի խոսքով՝ Բրյուսելում իր նախաձեռնության քննարկումը հեշտ չի եղել։
Գործակալությունում նշել են, որ, հավանաբար, Մերկելի համար դա վերջին ԵՄ գագաթաժողովն է կանցլերի պաշտոնում։
Երեկ հաղորդվել էր, որ ԵՄ մի շարք երկրներ մերժել են Մերկելի և Մակրոնի առաջարկը՝ հրավիրելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրոպայի երկրների առաջնորդների հետ բանակցություններին։
Հունիսի 24-ին Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է ռուսկան ղեկավարության հետ ուղիղ երկխոսության ուղիներ փնտրի և ձևակերպի ՌԴ-ի հետ ընդհանուր ռազմավարական շահերի օրակարգը։ Նույն օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր ԵՄ-Ռուսաստան երկխոսության անհրաժեշտության մասին՝ հանուն ողջ մայրցամաքի անվտանգության։
Կարծիքներ