Կորոնավիրուսի հնդկական շտամը կրկնակի վարակիչ է Ուհանի շտամից․ ԱՀԿ

Կորոնավիրուսի հնդկական շտամը կրկնակի վարակիչ է Ուհանի շտամից․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանի հայտարարությամբ՝ Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի Դելտա տարբերակը կրկնակի վարակիչ է Ուհանում ի սկզբանե հայտնաբերված COVID-19-ի շտամից: Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Հնդկական շտամն այժմ առկա է ավելի քան 85 երկրներում: «Հաշվի առնելով Դելտայի տարածման արագությունը` այն կարող է դառնալ գերակշռող շտամն աշխարհում»,- ասել է Սվամինաթանը:

ԱՀԿ փորձագետը բացատրել է, որ այն փոխանցվում է առնվազն երկու անգամ ավելի հեշտ, քան վիրուսի նախնական տարբերակը, ուստի՝ «մեկ անձը կարող է վարակել ոչ թե երկու, այլ՝ չորս, վեց և նույնիսկ ութ մարդու»: Այս կապակցությամբ, նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ այս պահին զգալիորեն ավելի շատ են դեպքերը, երբ COVID-19-ով հիվանդանում են ընտանիքի բոլոր անդամները, քան համաճարակի սկզբում:

Ավելի վաղ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամմոնը կանխատեսել էր, որ կորոնավիրուսի հնդկական շտամն արագորեն կտարածվի եվրոպական բոլոր երկրներում: Բժիշկը նշել էր, որ մինչ 2021 թվականի օգոստոս եվրոպական տարածքում COVID-19 դեպքերի 90 տոկոսը պայմանավորված կլինի վիրուսի Դելտա տարբերակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում