Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թիվը կավելանա 17-ով. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ: Կողմ էր 82, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ունենալ առանձին դատավորներ, որոնք քննելու են բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունների միջնորդությունները:
Գործադիրն առաջարկում է ավելացնել դատավորների թիվը. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թիվն ավելանալու է 17-ով, որից առնվազն 8-ը՝ Երևանում:
Հաշվի առնելով մարզերի առանձնահատկությունները, քրեական գործերի ավելի քիչ ծանրաբեռնվածությունը՝ ի տարբերություն Երևանի, առաջարկվում էր, որ մարզերում քրեական գործեր քննող առանձին դատավորները՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, մասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:
Կարծիքներ