Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են հրադադարը երկարաձգել առնվազն 1 օրով
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը նոյեմբերի 29-ին համաձայնության են հասել 6 օր տևող հրադադարն առնվազն ևս մեկ օրով երկարաձգելու շուրջ, որպեսզի բանակցողները շարունակեն աշխատել իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման գործարքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հրադադարը 7-րդ օրը շարունակելու շուրջ համաձայնության մասին հայտարարություն է տարածել ինչպես Իսրայելի պաշտպանության բանակը, այնպես էլ ՀԱՄԱՍ-ը։
Բանակցություններում հիմնական միջնորդ Կատարի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ հրադադարի պայմանները մնում են նույնը՝ ռազմական գործողությունների դադարեցում, Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարում, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների փոխանակում Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ իրենց է տրամադրվել կանանց և երեխաների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն հրադադարի 7-րդ օրը։
Մինչ այս ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելը հրաժարվել է ընդունել 7 կանանց և երեխաների, ինչպես նաև 3 հոգու մարմին՝ հրադադարը երկարաձգելու դիմաց։ ՀԱՄԱՍ-ի հայտարարության համաձայն՝ իսրայելցի պատանդների մի ընտանիք, այդ թվում՝ ամենափոքր՝ 10 ամսական պատանդը, զոհվել են իսրայելական ռմբակոծությունների ժամանակ։
Ըստ Reuters-ի՝ հրադադարի սկզբից ի վեր Իսրայել է վերադարձվել 97 պատանդ։ Իսրայելի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ դեռ 145 պատանդ մնում է Գազայում։
Հրադադարի համաձայնագրից դուրս, բացի իսրայելցի 10 պատանդներից, նոյեմբերի 29-ի գիշերն ազատ է արձակվել Ռուսաստանի 2 քաղաքացի և Թաիլանդի 4 քաղաքացի։ Իսրայելցի 10 պատանդների դիմաց վերադարձվել է 30 պաղեստինցի բանտարկյալ՝ կայանք և երեխաներ։
Հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ժամանակ ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանել էին 1200 մարդու։ Իսրայելի ռմբակոծությունների, այնուհետև՝ ցամաքային ներխուժման ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը։
Կարծիքներ