Արայիկ Հարությունյանը նամակ է հղել Պուտինին
Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ձեզ՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած Հայտարարության դրույթները։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց, ինչպես ներկայացվեց, Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։
Ըստ այդմ, գտնում ենք, որ Հայտարարության դրույթներով նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։
Ավելացնենք, որ խաղաղապահ զորակազմի հետ Արցախի իշխանությունները ձևավորել են կառուցողական աշխատանքային փոխհարաբերություններ, և պատրաստ ենք զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են։
Հարգանքով՝
Արցախի Հանրապետության Նախագահ,
Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի Նախագահ Արայիկ Հարությունյան»:
Կարծիքներ