ԱՄՆ-ում Հունգարիայի դեսպանը Պետդեպարտամենտին է փոխանցել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման փաստաթուղթը

ԱՄՆ-ում Հունգարիայի դեսպան Շաբոլչ Տակաչը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի վավերացման փաստաթուղթն է փոխանցել Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Քամի Վիտմերին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատունը։
Մարտի 27-ին Հունգարիայի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու պայմանագրի վավերացմանը, սակայն իշխող կուսակցության «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» խմբակցության նախաձեռնությամբ որոշել է հետաձգել Շվեդիայի հարցի քննարկումը։ Այս թեմայով քննարկումների վերսկսման ժամկետը դեռ որոշված չէ։ Հունգարիայի կառավարությունը նախկինում հայտարարել էր, որ աջակցում է Շվեդիայի անդամակցությանը դաշինքին, սակայն պատգամավորների մտահոգությունները պետք է լուծվեն:
Հյուսիսատլանտյան պայմանագրին երկու երկրների միանալու մասին արձանագրությունների վավերացման մասին օրինագծերը Հունգարիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել անցյալ տարվա ամռանը։ Ֆինլանդիան և Շվեդիան իրենց դիմումները ներկայացրել են 2022 թվականի մայիսի 18-ին՝ նշելով, որ ուկրաինական իրադարձությունները դրդել են իրենց գնալ այդ քայլին։
Կարծիքներ