11 հազար գիրք է նվիրաբերվել հայկական դպրոցներին և բուհերին
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը 2022 թ. առաջին կիսամյակում ավելի քան 11 հազար գիրք է նվիրաբերել հայկական դպրոցներին և բուհերին՝ ընդգրկելով երկրի տարբեր մարզերը։
Գրքերի նվիրատվության միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:
Նա ԿԳՄՍ նախարարի անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությանն ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, որն ուղղված է Երևանի և Մոսկվայի միջև մշակութային, կրթական և հումանիտար համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։
«Վստահաբար կարելի է նշել, որ այս ծրագրի միջոցով հայաստանյան բուհերին և դպրոցներին փոխանցված գրականությունը կհարստացնի ուսումնական հաստատությունների գրադարանների ռուսական գրականության բաժինը: ԿԳՄՍ նախարարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանում «Ռուսական տան» ղեկավարությանը»,- ասել է Արսեն Բաղդասարյանը:
Երևանում «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն ընդգծել է, որ ռուս մասնագետների շրջանում ուսումնամեթոդական և գործնական ձեռնարկները, ժամանակակից հեղինակների դասագրքերը և գեղարվեստական գրականության անհրաժեշտությունը մեծ է. «Գիրքը պետք է նպատակային կիրառություն ունենա, ոչ թե փոշոտվի պահեստում։ Ուստի Մոսկվայից գրքեր և ձեռնարկներ ստանալուն պես մենք փորձեցինք հնարավորինս արագ դրանք բաժանել դպրոցներին և բուհերին»։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը համագործակցության պայմանագիր է կնքել բազմաթիվ բուհերի և դպրոցների հետ, որի շրջանակում պարբերաբար անցկացնում են համատեղ միջոցառումներ՝ կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, օլիմպիադաներ և այլն:
Այսպիսով, գրքերի հերթական խմբաքանակն է հանձնվել Երևանի պետական համալսարանին, Երևանի Վ. Յ. Բրյուսովի անվան պետական համալսարանին, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին և ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին:
Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի և վերոնշյալ բուհերի ներկայացուցիչները։
Նշենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության «Գրքեր Հայաստանում դպրոցների և բուհերի համար» ծրագիրն ամենամյա է և իրականացվում է Ռուսաստանի Դաշնության պետական ծրագրի շրջանակում։
Կարծիքներ