Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր
Բրիտանական խոշորագույն British Airways ավիափոխադրողը 2025 թ. մարտի 30-ից կսկսի Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Նշվում է, որ Վրաստանի օդանավակայանների միությունը, էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ, British Airways-ի հետ Վրաստանում գործունեություն սկսելու շուրջ ինտենսիվ բանակցությունները հաջողությամբ ավարտել է 2024 թվականին:
Ուղիղ կանոնավոր չվերթերը Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն երթուղով կիրականացվեն շաբաթական չորս անգամ։
British Airways-ը 190 ուղղություններով չվերթեր է կատարում աշխարհի 65 երկրում: Ավիաընկերության հիմնական բազան գտնվում է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում, որը Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է:
Ներկայում Վրաստանում գործում է ավելի քան 60 ավիաընկերություն, որոնք ավելի քան 100 կանոնավոր չվերթ են իրականացնում աշխարհի 30-ից ավելի երկրներ։
Վրաստանի միջազգային օդանավակայանները 2024 թ. ռեկորդ են սահմանել՝ սպասարկելով ավելի քան 7,4 միլիոն ուղևորի, ինչը 24 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին:
Կարծիքներ