Սլովակիայում կորոնավիրուսի պատճառով երկշաբաթյա «լոքդաուն» է հայտարարվել
Սլովակիայի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված իրադրության վատթարացման պատճառով երկրում նոյեմբերի 25-ից երկշաբաթյա «լոքդաուն» է հայտարարել, փոխանցում է «Արմենպրես»-ը:
««Լոքդաունը» ենթադրում է գիշերն արգելել տանից դուրս գալը, չեղարկել մշակույթի ու սպորտի ոլորտում զանգվածային միջոցառումները, փակել խանութները՝ բացառությամբ նրանց, որտեղ առաջին անհրաժեշտության իրեր են վաճառվում»,- ասել է Սլովակիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը:
Նա նշել է, որ «լոքդաունի» ընթացքում ձեռնարկությունների չպատվաստված ու կորոնավիրուսով չհիվանդացած աշխատակիցները ամեն շաբաթ թեստեր են հանձնելու: Դպրոցների աշխատանքը դեռ կշարունակվի:
Սլովակիայում վերջերս գրանցվել էր համավարակի մեկնարկից ի վեր վարակումների ամենամեծ թիվը՝ 10 315: Ընդ որում, նոր վարակվածների 72 տոկոսը չպատվաստված անձինք էին:
Համավարակի ողջ ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 14 056 մարդ: 5 մլն բնակչություն ունեցող հանրապետությունում լիարժեք պատվաստված է 2,45 մլն մարդ:
Կարծիքներ