Ցավալի է, որ Հայաստանը բաց թողեց նման հնարավորությունը.Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղության համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին։
«Հավանության են արժանացել չորս եռակողմ հայտարարություններ, որոնց վրա աշխատանք է տարվում, բայց, իհարկե, լավ կլիներ արագացնել այդ աշխատանքը: Եվ ինչ հարցեր էլ ծագեն տեղում, ես համոզված եմ, որ առավել ևս անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող նախապատրաստել բոլոր հարցերի կարգավորման համար», - ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Լավրովը ափսոսանք է հայտնել արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշման կապակցությամբ։
«Այսօր մենք պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումը: Մենք պատրաստվում էինք այս իրադարձությանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով: Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։
Կարծիքներ