Նոր «Նուբարաշեն» Երևանի կենտրոնում. տեսանյութ

Նոր «Նուբարաշեն» Երևանի կենտրոնում. տեսանյութ

Դեռ մեկ ամիս առաջ freenews.am-ն անդրդարձել էր Դեմիրճյան 40/1 հասցեում գտնվող տարածքին, որը վերածվել է մեծ աղբանոցի։ Խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, հասկանալու համար՝  ե՞րբ և ի՞նչ նպատակով է տվյալ հասցեի կանաչ գոտին վերացվել, ու՞մ է պատկանում և ինչու՞ քաղաքապետարանը չի զբաղվում տվյալ  խնդրով։

Ստորև ներկայացնում ենք հարցման պատասխանը․

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Դեմիրճյան փող. հ.40/1 հասցեում 18.04.2009թ. տրամադրվել է հ.50/1-Ս-1234-208 նախագծման թույլտվությունը և 22.05.2009թ. համաձայնեցվել է հ.50-05/1-Ս1284-3/8 նախագիծը:  Դեմիրճյան փողոց հհ.40/1 և 40/7 հասցեներում մասնավոր սեփականություն հանդիսացող 938 քմ հողամասում Մարգարիտա Օհանովա և Սարգիս Մելքոնյանին, 20.03.2020թ. Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է հ.01/18-07/1-Ս-10028-231 նախագծման թույլտվությունը»:

Քաղաքապետարանից փոխանցում են՝  իրենք ոչինչ չեն կարող ձեռնարկել, քանի որ տարածքը մասնավորի է պատկանում.

«Քաղաքապետարանը միջամտելու իրավունք չունի, որովհետև սեփականատիրոջ հետ ինչ որ խնդիրներ կարող են առաջանալ։ Այս խնդիրը կարող է կարգավորվել դատարանի միջամտությամբ։ Քանի որ դա մեծ փոս է, տեխնիկաների մուտքն այնտեղ հնարավոր չէ, անգամ ԱԻՆ-ի հատուկ մասնագիտացված տեխնիկան անհրաժեշտության դեպքում հատուկ միջոցների կիրառմամբ է կարողանում էդտեղ մուտք գործել։ Սա, իհարկե երկրորդական է, առաջնայինն այն է, որ տարածքը պատկանում է մասնավորի»,- փոխանցեցին քաղաքապետարանից․

Բնակիչները շարունակում են բողոքել։  Մի քանիսն այսօր կրկին ահազանգել են․

«Օրվա տարբեր ժամերին այստեղ աղբ են թափում։ Եթե մի ժամանակ գիշերով էին բերում, որ ոչ ոք չտեսնի, հիմա արդեն օրը ցերեկով են բերում։ Մի քանի անգամ հրդեհ ա բռնկվել, անգամ ԱԻՆ-ի աշխատակիցները չէին կարողանում կրակը մարել։ Բացի էն, որ աղբանոցի ա վերածվել, նաև վտանգավոր ա։ Էդ տարածքում անգամ ցանկապատ չկա, երեխաներին վախենում ենք մենակ բակ թողնել, ինչ իմանաս՝ ինչ կլինի։ Քաղաքապետարանն ասում ա՝ մասնավորի ա պատկանում, հիմա, որ իմ էրեխուն մի բան լինի մենք որպես քաղաքացի էդ մասնավորին ոնց պետքա գտնենք»,- նշեց հասցեի բնակիչը։

 Եթե այսպես շարունակվի քաղաքի կենտրոնը կվերածվի Նուբարաշենի։ Մինչ Քաղաքապետարանը խնդիրը բարդում է բնակիչների վրա, բնակիչները քաղաքապետարանի, մասնավոր՝ պատասխանատու կողմը, շարունակում է ստվերում մնալ և ոչինչ չձեռնարկել խնդրին լուծում տալու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում