Գյումրիում կան ձերբակալված անձինք, այդ թվում՝ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբից

Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ խուզարկություններն ու ձերբակալությունները տեղի են ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում:
Մեր տեղեկություններով՝ ձերբակալված անձինք կան նաև Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբից:
Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկում են նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:
Հատուկ ջոկատայինները Գյումրիում խուզարկություններ են իրականացրել նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբերում:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:
Կարծիքներ