Ֆրանսիան կօժանդակի ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում. ինչ են քննարկել Անդրեասյանն ու Ռիմա Աբդուլ Մալակը
Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՖՀ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիական կողմից՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայի ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, նախագահի աշխատակազմի խորհրդական Մաթյո Ֆուրնիեն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջմշակութային համագործակցության, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման, նոր գաղափարների իրագործման վերաբերյալ հարցեր:
Կողմերն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված ավելի քան 5000 հայկական պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, այնտեղ պահվող ցուցանմուշների, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության հարցը մշտապես ուշադրության ներքո պահելու համար՝ կարևորելով խնդրի հետ կապված Ֆրանսիայի ակտիվ աջակցությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH – International Alliance for the Protection of Heritage in Conflict Areas) շրջանակում:
«Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից վերացման և խեղման հստակ սպառնալիքի տակ, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայկական ժառանգության փաստագրման նպատակով փորձագիտական առաքելության իրականացումը կարևոր գործոն կարող էր հանդիսանալ։ Ֆրանսիայի գործուն միջամտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում կարող է նպաստավոր դերակատարություն ունենալ»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը։
ՖՀ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար: «Ֆրանսիական կողմը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում»,- ընդգծել է ՖՀ մշակույթի նախարարը:
Քննարկվել են նաև կինոյի, թատերական արվեստի, մշակութային ժառանգության վերականգնման և պահպանման, ժամանակակից արվեստի ոլորտներում տարբեր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հանդիպումը տեղի է ունեցել Մատենադարանի Արխիվի սրահում, որտեղ ժամանակավոր ցուցադրվում են Ղուկաս Չուբարյանի՝ տարբեր տարիներին քանդակած գործերը:
Կարծիքներ