ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին եւ որդուն մեղադրանք է առաջադրվել |hetq.am|
hetq.am: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանին եւ նրա որդուն՝ Արսեն Դավթյանին, առանձնապես խոշոր չափով գույքը չհայտարարագրելու հիմքով: Այս մասին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Քրեական գործը հարուցվել է այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից մեր հետաքննությանհիման վրա: Այնուհետ քրգործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՔԾ:
Հիշեցնենք, որ հայ պաշտոնյաների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի մասին մեր հետաքննության մեջ անդրադարձել էինք ԱԺ նախկին պատգամավորներ Հրանտ Դավթյանի, Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արթուր Աֆրիկյանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս, հետագայում ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ Բաբկեն Սեդրակյանի եւ նրա կնոջ ու պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանի կնոջ կողմից ձեռք բերված եւ վաճառված բնակարաններին:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 314.3 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս դրույթը սահմանում է. «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»:
Նկատենք, որ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեականացվել է 2017-ի հուլիսի 1-ից:
Հրանտ Դավթյանը ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 եւ 2018-2019 թթ.: Քանի որ վերոնշյալ օրենսդրական կետն ուժի մեջ է մտել 2017-ի հուլիսից, երբ Դավթյանն արդեն պատգամավոր չէր, հասկանալի է, որ այս պարագայում խոսքը նրա՝ 2018-2019 թթ. պատգամավոր եղած ժամանակ հայտարարագրման վերաբերյալ օրենսդրական պահանջները խախտելու մասին է:
Մ. Օհանջանյանը մեզ նաեւ հայտնեց, որ թե՛ Դավթյանին, թե՛ նրա որդուն, ով եւս եղել է հայտարարատու անձ, մեղադրանքն առաջադրվել է Հայաստանում ունեցած գույքը չհայտարարագրելու հիմքով: Թե ինչ կպարզվի Դուբայում ունեցած գույքի մասով, ցույց կտա նախաքննությունը, չնայած մենք արդեն գրել ենք, որ, ըստ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (ներկայում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով), ժամանակին Դավթյանը հայտարարագրել է Դուբայի իր բնակարանը:
Կարծիքներ