Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ պատժամիջոցների շրջանցումը քրեականացնող օրենքին
Եվրախորհրդարանը հաստատել է պատժամիջոցները շրջանցելու համար քրեական պատիժներ սահմանող օրենքը, որն ակնկալվում է, որ թույլ կտա բռնագրավել սառեցված ռուսական մասնավոր ակտիվները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եվրախորհրդարանն ընդունել է դիրեկտիվ, որը համաձայնեցվել է անդամ երկրների հետ՝ խախտումները քրեականացնելու և ԵՄ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ, որը ներկայացնում է խախտումների և նրանց համար պատիժների ընդհանուր սահմանումը», - ասված է փաստաթղթում։
Օրենքին կողմ է քվեարկել 543, դեմ՝ 45, ձեռնպահ՝ 27 պատգամավոր։
Փաստաթղթում հստակեցվում են ԵՄ-ի կողմից ընդունված բոլոր պատժամիջոցները, ինչպես նաև սահմանվում դրանց խախտումներն կամ շրջանցումները, որոնք համարվում են քրեորեն հետապնդելի հանցագործություններ։ Նախատեսված պատիժները տատանվում են տուգանքներից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում:
«Խախտումները ներառում են միջոցները թաքցնելը կամ փոխանցելը, որոնք պետք է սառեցվեն, գույքի իրական սեփականատիրոջը թաքցնելը և պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելը», - ասված է հայտարարության մեջ:
Փաստաթուղթը պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, որից հետո այն կհրապարակվի պաշտոնական ամսագրում։ Դրանից 20 օր հետո այն ուժի մեջ կմտնի։ Այնուհետև ԵՄ երկրները մեկ տարի կունենան նոր օրենքը գործնականում կիրառելու համար:
Կարծիքներ