Շվեյցարիայի պատվիրակության մասնակցությամբ մեկնարկել է INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան վերաորակավորման վարժանք
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը՝ Հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՇԶՀ գործակալության Հումանիտար աջակցության լոգիստիկայի բաժնի պաշտոնյա Գերման Վալտերը, գործակալության Հումանիտար աջակցության հատուկ խմբի անդամներ Ալեսիո Մարացան և Ֆաբիեն Վալտերիոն, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պատվիրակությունը Երևան է ժամանել մասնակցելու ապրիլի 26-27-ը նախատեսվող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի նախնական վերաորակավորման վարժանքին, որը հնարավորություն կտա ստուգել Հայաստանի փրկարարական ջոկատների կարողությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին և դրա հիման վրա 2022 թվականի սեպտեմբերի 1-4 կայանալիք հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վերաորակավորումը:
«Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը հիշեցրել է, որ ԱԻՆ-ՇԶՀ գործակալության համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2005 թվականից, իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց շարքում է «Արձագանք. Բուժմիավորումներ և «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրերը: Դրանց շնորհիվ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում միջազգային որոնողափրկարարական չափանիշներին համապատասխան տարածքային արագ արձագանքման ներքին հինգ թիմեր են ստեղծվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հնարավորության սահմաններում կցանկանանք շարունակել այս համագործակցությունը՝ ծրագրային զանազան ձևաչափերով: Հույս ունենք, որ կկարողանանք ապագայում ստեղծել նոր թիմեր»,- ընդգծել է Արմեն Փամբուխչյանը:
Ըստ աղբյուրի՝ նախարարը պատվիրակության անդամներին շնորհակալություն է հայտնել մենթորական գործունեության և ԱԻՆ թիմին ցուցաբերած խորհրդատվության, այդ թվում` 2021 թվականի նոյեմբերին Շվեյցարիայում ՔՈՓ թիմի վերաորակավորման գործընթացին հայկական ՔՈՓ թիմին ներկայացուցիչների մասնակցությանն աջակցելու համար:
«Ինչպես հայտնի է մեր թիմն այս տարվա հունիսին Շվեյցարիայում մասնակցելու է սիմիլյացիոն վարժանքի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ թիմի առաջին նախնական վերաորակավորման 36-ժամյա դաշտային վարժանքը չափազանց կարևոր է գերատեսչության համար, քանի որ դրանով պայմանավորված կլինի սեպտեմբերին կայանալիք INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան հայկական ՔՈՓ թիմի վերաորակավորման բարեհաջող ընթացքը և հնարավորություն կնձեռվի բարձրացնել թիմի պատրաստվածության աստիճանը: Միաժամանակ նախարարը վստահեցրել է, որ եթե թերություններ արձանագրվեն, ապա մինչև սեպտեմբեր դրանք ամբողջությամբ կշտկվեն:
ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ իր հերթին Դեյվիդ Սոխորը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա անդրադարձել է 2019 թվականին Հայաստանում կայացած վարժանքին և նշել, որ արդյունքներով տպավորված են:
«Մենք լիովին վստահում ենք հայկական կողմին, և այդ վստահությունը փոխգործակցության արդյունք է: Հուսով ենք, որ այս վարժանքի ժամանակ ևս մեր դիտարկումները հաշվի կառնվեն»,- նշել է նա:
«Դ. Սոխորի խոսքով՝ սեպտեմբերին կայանալիք միջոցառման հետ կապված մեծ սպասելիքներ ունեն:
Բացի այդ, ՇԶՀ գործակալության պատվիրակության անդամներն առանձնազրույց են ունեցել ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի հետ՝ քննարկել առաջիկա անելիքների մեխանիզմները:
Հյուրերը շրջել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրում և այցելել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչություն»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Կարծիքներ