Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին տարբեր ոլորտներում. Ալեն Սիմոնյանի ուղերձը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Դուք պարգեւում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր եւ հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս եւ կարգավորում կյանքի շարունակական ընթացքը:
Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին կրթության, քաղաքականության, գործարարության, բժշկության եւ ցանկացած այլ ոլորտում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում:
Ցանկանում եմ շեշտել նաեւ, թե որքան հատկանշական է ձեր դերը մեր երկրի քաղաքական կյանքում: Կին քաղաքական գործիչների եւ քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, եւ խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում:
Սիրելի՛ կանայք,
Եղե՛ք առողջ, երջանիկ, ներդաշնակ, սիրված եւ շարունակե՛ք լուսավորել աշխարհը ձեր քնքշությամբ, հոգատարությամբ ու նպատակասլացությամբ»:
Կարծիքներ