ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Եվրոպական Միության խորհուրդը մեկ տարով՝ մինչև 2022 թ.-ի հունիսի 1-ը, երկարաձգել է Սիրիայի դեմ 2011 թ.-ից գործող պատժամիջոցները։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է խորհրդի տարածած հաղորդագրությունում։ Փաստաթղթում նշված է, որ պատճառը Սիրիայի «քաղաքացիական բնակչության նկատմամբ շարունակվող բռնաճնշումներն են»։

ԵՄ-ն նշում է, որ ցանկից հանվել են հինգ մահացածներ։ Ցանկի մեջ է մտնում 283 ֆիզիկական անձ, որոնց նկատմամբ գործում է Եվրամիություն մուտքի արգելքը և որոնց բոլոր ակտիվները սառեցվել են։ Ցանկի մեջ է մտնում նաև 70 կազմակերպություն։

ԵՄ-ն ներկայում հարաբերություններ չի պահպանում պաշտոնական Դամասկոսի հետ և դեռ վաղ է համարում Սիրիայի հետ միջազգային հանրության հարաբերությունների կարգավորումը։

Միևնույն ժամանակ Եվրամիությունը հայտարարում է, որ եվրոպական պատժամիջոցները չեն խանգարում, որ ԵՄ-ն մնա Սիրիայի գլխավոր դոնորը։ ԵՄ-ն օգնություն է տրամադրում սիրիացի փախստականներին Սիրիայի հարևան երկրներում։

Մայիսի 26-ին Սիրիայում նախագահական ընտրություններ են անցկացվել, որին մասնակցում էին գործող նախագահ Բաշար Ասադը, ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մերիին և սոցիալիստական կուսակցության նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն այսօր հայտարարել է, որ Սիրիայում անցկացված ընտրությունները չէին համապատասխանում  ժողովրդավարական ընտրությունների ոչ մի չափանիշի և չէին նպաստում հակամարտության կարգավորմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում