Եվրանեսթի հանձնաժողովում քննարկվել է ԼՂ հակամարտությունը, բանաձև նախատեսված չէ. Մարիա Կարապետյան
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց, որի շրջանակներում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:
«Այս առավոտ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները:
Մեր եվրոպացի գործընկերները արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ հույժ կարևոր եմ համարում Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»,- ասաց Կարապետյանը:
Կարծիքներ