ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարն այցելել է «Եվրասիա» միջազգային համալսարան
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամին այցելել է «Եվրասիա» միջազգային համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ռեկտոր պարոն Սուրեն Օհանյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից:
Վերջինս հանդիպման ընթացքում նշել է, որ համալսարանը պատրաստ է ընդունել էմիրաթցի ուսանողներին՝ ուսանելու համալսարանի տարբեր բաժիններում, հատկապես ֆարմացիայի բաժնում։
Տիկին ալ Սալամին հանդիպում-քննարկում է անցկացրել «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողների հետ, որի ընթացքում անդրադարձել է արդի փուլում հայ-էմիրաթական հարաբերություններին, ինչպես նաև վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամենակարևոր ձեռքբերումներին՝ առանձնակի շեշտելով առևտրաշրջանառության ակտիվացումը, զբոսաշրջիկների թվի աճը, ներդրումային ծրագրերը, երկկողմ փոխայցելությունները։ Տիկին ալ Սալամին նշել է, որ դեսպանությունը նախատեսում է բարեգործական ծրագիր իրականացնել Շիրակի մարզի կանանց համար՝ աջակցելով նրանց ձեռք բերել մասնագիտություն։
Հանդիպման ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային արխիվի հետազոտող դր․ Աիշա Բիլխեյրը տեսակապի միջոցով հանդես է եկել «Կնոջ առաջխաղացումն ԱՄԷ-ում» խորագրով դասախոսությամբ՝ ուսանողներին ներկայացնելով տարբեր ոլորտներում էմիրաթցի կնոջ ձեռքբերումները՝ սկսած դիվանագիտությունից մինչև ռազմական գործ։ Նա նաև ներկայացրել է ԱՄԷ հիմնադիր նախագահ շեյխ Զայեդի տեսլականը կնոջը կրթելու և նրա առաջխաղացմանը նպաստելու վերաբերյալ՝ նշելով ԱՄԷ կառավարության մեծ աջակցությունն էմիրաթցի կնոջը երկրի կառավարման մեջ ներգրավելու հարցում:
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանություն
Կարծիքներ