Ստամբուլում մեկնարկում են ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև բանակցությունները «հացահատիկի գործարքի» շուրջ
Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև բանակցությունները «հացահատիկի գործարքի» երկարաձգման և հացահատիկի ու պարարտանյութերի մատակարարման համաձայնագրի ռուսական մասի կատարման հարցերի շուրջ այսօր մեկնարկում են Ստամբուլում և կտևեն երկու օր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Հացահատիկի գործարքի» շուրջ բարձր մակարդակի հանդիպմանը կմասնակցի Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Բացի դրանից, չի բացառվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությունը բանակցություններին։ Ընդ որում, բանակցությունների առանցքային օրը, ինչպես նշվում է, կլինի մայիսի 11-ը։
Ակնկալվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կլինի «հացահատիկի գործարքի» շրջանակներում համաձայնագրի ռուսական մասի իրագործման մեկնարկը, որը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունից գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանում։ Մոսկվան նախկինում բազմիցս նշել է, որ եթե այդ մասը չկատարվի, «հացահատիկի գործարքը» նոր ժամկետով չի երկարաձգվի։ Անկարայում ավելի վաղ հայտարարել են, որ Մոսկվայի պահանջները լիովին օրինական են և պետք է անառարկելիորեն կատարվեն։
Մյուս կարևոր թեման կլինի «Ռոսսելխոզբանկը» կրկին SWIFT համակարգին միացնելու, բանկային և ապահովագրական երաշխիքների հարցը։ Ինչպես ավելի վաղ նշել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, «հացահատիկի գործարքի» երկարաձգումը կախված կլինի Ռուսաստանի Դաշնության այս պահանջները հաշվի առնելուց։ Բացի դրանից, դիվանագիտական աղբյուրը ТАСС-ին հայտնել է, որ Ստամբուլի հանդիպման ժամանակ նախատեսվում է նաև նախապատրաստել թուրքական առևտրային նավերի անվտանգ տարհանման ծրագիր. դրանք արգելափակված են ուկրաինական նավահանգիստներում՝ կապված Ռուսաստանի ռազմական գործողություններ հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ում ավելի վաղ հայտնել էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից ստացվել է առաջարկ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի վճարման գործողությունների իրականացմանը թուրքական պետական Ziraat բանկի մասնակցության մասին։
2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ միջազգային շուկա սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարումների շուրջ։ Սկզբում համաձայնությունները կնքվել են 120 օրով, անցած տարվա նոյեմբերին դրանց գործողությունը երկարաձգել են նույն ժամկետով։ Այս տարվա մարտի 18-ին Ռուսաստանը հայտարարել է գործարքը 60 օրով երկարաձգելու մասին՝ զգուշացնելով, որ այդ ժամանակը բավարար կլինի ՄԱԿ-ի հետ ստորագրված հուշագրի կատարումը գնահատելու համար:
Ինչպես նշել են Համատեղ համակարգման կենտրոնում, «հացահատիկի գործարքի» շրջանակներում արդեն գրեթե 30 միլիոն տոննա ուկրաինական պարեն է արտահանվել:
Կարծիքներ